Իրանի դեմ ռազմական գործողությունների իրական նպատակը միայն Իսլամական Հանրապետությունը չէ, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական խնդիրների լուծում։ Այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ վերլուծելով Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունների իրական մոտիվները։
Իր կարծիքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները և ռազմական սպառնալիքները ծառայում են որպես քողարկում՝ թաքցնելով ԱՄՆ-ի գլոբալ մտահղացումը, որն անմիջականորեն կապված է Չինաստանի հետ։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիրներ են լուծում ԱՄՆ-ն և Իսրայելը։ Միացյալ Նահանգները փորձում է պահպանել իր հեգեմոնիան, ինչն ամրագրված է նրանց ազգային ռազմավարական փաստաթղթերում։ Այսօր ԱՄՆ-ն տնտեսական մրցակցային պայքարում սկսում է զիջել Չինաստանին, ուստի փորձում է վերահսկողություն պահպանել համաշխարհային էներգետիկ շուկաների նկատմամբ։ Սա նշանակում է վերահսկողություն Իրանի, Հորմուզի նեղուցի, ինչպես նաև նավթ արտադրող արաբական երկրների նկատմամբ», – նշեց Դանիելյանը։
Նա նաև համեմատեց Իսրայելի ներկայիս քաղաքականությունը Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայում վարած ռազմավարության հետ։ Ըստ վերլուծաբանի՝ հարյուրամյակներ շարունակ Բրիտանիայի քաղաքականության հիմնական նպատակն էր Եվրոպայի ուժեղ պետությունների միջև պատերազմներ հրահրելը, նրանց բաժանելն ու թուլացնելը՝ ինքը մնալով որպես միակ հեգեմոն։
Դանիելյանի համոզմամբ՝ Իրանի և Վենեսուելայի դեմ գործողությունները նույն շղթայի օղակներն են։ Նրա խոսքով՝ Թեհրանն այժմ լուծում է իր գոյության խնդիրը՝ ցույց տալով, որ այլևս չունի «կարմիր գծեր»։
«Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, պատերազմը սկսելով, ունեցել են միայն «պլան Ա»․ փորձել են գլխատել Իրանի ղեկավարությանը, ակտիվացնել դժգոհ զանգվածներին և հասնել իշխանափոխության։ Սակայն այդ սցենարը չաշխատեց, ինչի մասին բացահայտ ասում են թե՛ Թրամփը, թե՛ Նեթանյահուն։ Իշխանափոխությունը ենթադրում էր երկրի ներքին և արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, ինչը չստացվեց», – ընդգծեց վերլուծաբանը։
Ըստ Դանիելյանի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը դեռևս չունեն հստակ պատկերացում, թե որքան կարող է շարունակվել պատերազմը և ինչ ելք կունենա այն։ Նա նշեց, որ նույնիսկ պատերազմի նախաձեռնողները չեն կարող հստակ պատասխան տալ, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։
«Հիմա առաջանում է հարց՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս հարցի պատասխանը չունեն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Թել Ավիվը։ Իսրայելի վարչապետն ինքն է խոստովանել, որ չի կարող ասել, թե որքան կտևի ռազմական գործողությունը», – նշեց Դանիելյանը։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ անորոշությունն արտահայտվում է նաև դիվանագիտական քայլերում։ Նա նշեց, որ ԱՄՆ նախագահը նույնիսկ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով միջնորդել Իրանի հետ բանակցություններում։