ԱՄՆ մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան դեռևս չի ապացուցել իր արդյունավետությունը․ Ղուկասյանի նախազգուշացումը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ ընթացող քննարկումների համատեքստում, որպես քաղաքագետ, ես հստակ նախազգուշացում եմ հնչեցնում՝ ԱՄՆ-ում մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան դեռևս չի ապացուցել իր արդյունավետությունն ու անվտանգությունը։

Ինչպես հայտնի է, փետրվարի 9-ին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարեց երկու երկրների միջև համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս համաձայնագիրը, ըստ Վենսի, կբացի ճանապարհ ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու համար, ինչը կարող է հանգեցնել մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական արտահանումի և լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցության։

Սակայն, նախքան այս առաջարկը համարենք գրավիչ, անհրաժեշտ է հասկանալ, որ ԱՄՆ-ում իրականացված նմանատիպ փորձերը հաջողություն չեն գտել։ Օրինակ բերեմ Յուտա նահանգում իրականացված ծրագիրը, որտեղ ամերիկյան Nuclear Power ընկերությունը երկար տարիներ փորձել է կառուցել մոդուլային ատոմակայան, սակայն նախագիծը կիսատ մնաց։

Այսպիսի ձախողումների հիմնական պատճառը ծախսերի անկանխատեսելի բարձրացումն է։ Ծրագրերը սկսվում են որոշակի բյուջեով, սակայն շուտով դառնում են տնտեսապես անհնարին՝ ծախսերը բազմապատկվելու պատճառով։ Ավելի մանրամասն վերլուծությունների համաձայն՝ մոդուլային ատոմակայանները, որպես էներգիայի մատակարարող, ավելի թանկ էներգիա են արտադրում։ Սա նշանակում է, որ սպառողին վաճառվող էլեկտրաէներգիայի գինը կլինի ավելի բարձր, ինչը կունենա ուղղակի ազդեցություն ոչ միայն տնտեսության վրա, այլև բնակչի բարեկեցության վրա։

Հետևաբար, հարցը հետևյալն է․ ինչով է ամերիկյան առաջարկը ավելի գրավիչ, քան այլընտրանքային տարբերակները, որոնք արդեն փորձարկված են և գործնականում կիրառվում են։ Իհարկե, աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում և Չինաստանում, ատոմակայանների կառուցման հաջողված փորձառություն ունեն, և «Ռոսատոմը» երկար ժամանակ է՝ առաջարկում է Հայաստանին նոր էներգաբլոկի կառուցում։

Հայաստանի էներգետիկ ապագան կապել տեխնոլոգիայի հետ, որը դեռ «գետնի վրա չի աշխատում», մեծ ռիսկ է ներկայացնում։ Եթե մոդուլային ատոմակայանի նախագիծը ևս տապալվի, ապա 2036 թվականից հետո, երբ Մեծամորի ատոմակայանը կդադարեցնի աշխատանքը, Հայաստանը կարող է կանգնել լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ։ Այս ռիսկը, իմ կարծիքով, չի կարող համեմատվել այլընտրանքային, ավելի փորձարկված լուծումների հետ։

More From Author

Հայաստանը կորցրել է իր տարածաշրջանային դերը

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը հույս ունեն Վրաստանից խլել ԱՄՆ-ի «առաջին կնոջ» տեղը, ապա ավելի լավ է նրանք էյֆորիայի մեջ չընկնեն։