ԲԱՔՎԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Ինչպես հայտնի դարձավ, Բաքվում հրապարակվել են դատական վճիռներ, որոնցով ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Դատապարտվել են նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ինչպես նաև մի քանի քաղաքացիական գերիներ՝ Մադաթ Բաբայանը, Մելքիսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալահվերդյանը, Լևոն Բալայանը, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլ Բեգլարյանը։

Այս իրադարձությունները, իմ կարծիքով, ունեն խորքային քաղաքական և իրավական հետևանքներ, որոնք չափազանց բացասաբար են ազդում ոչ միայն դատապարտված անձանց, այլև Հայաստանի և Արցախի ամբողջ քաղաքական-իրավական պատմության վրա։

Այս գործերը, որոնք իրականում շինծու դատավարություններ են, նպատակ ունեն ոչ թե միայն կոնկրետ անձանց դատապարտել, այլև իրավական գնահատական տալ Հայաստանին և Արցախի իշխանություններին՝ վերջին 30-40 տարիների գործունեության համար։ Դրանք դիտարկվում են որպես ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և այլն։

Այս վտանգավոր մոտեցման հիմքում ընկած է այն փաստը, որ Բաքվում պահվող հայ գործիչների նկատմամբ բազմիցս արձանագրվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կտտանքներ և անմարդկային վերաբերմունք։ Կարմիր խաչի կողմից արձանագրված խախտումները և ԵԽԽՎ-ի 2012 թվականի թիվ 1900 բանաձևը, որը սահմանում է քաղբանտարկյալի հասկացությունը, վկայում են այս իրավական գործընթացի ոչ իրական բնույթի մասին։

Եթե այս դատական ակտերին պատշաճ հակազդեցություն չլինի, ապա կձևավորվի վտանգավոր արձանագրում, թե իբր Հայաստանը տասնամյակներ շարունակ վարել է ագրեսիվ քաղաքականություն։ Այս համատեքստում մտահոգիչ է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի, արձագանքի բացակայությունը։ Նրանք խոսում են Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, սակայն բացարձակապես չեն անդրադառնում հայ գործիչների նկատմամբ իրականացվող շինծու դատավարություններին։

Այս իրավիճակը հիշեցնում է Հայոց ցեղասպանության թեմայի հետ կապված պատմական իրադարձությունները։ Դեռևս 1919-1921 թվականներին թուրքական դատարանների դատական ակտերով փաստվել էր պետական մակարդակով կազմակերպված զանգվածային բնաջնջումը։ Այսպիսով, Բաքվի ներկայիս գործընթացը կարելի է դիտարկել որպես նմանատիպ, սակայն ժամանակակից ձևաչափով իրավական ագրեսիա։

More From Author

ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ․ «TRIPP» ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔ Է 2020 Թ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՒՄԱՆ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ

Նիկոլ Փաշինյանի իշխանավարման յուրաքանչյուր օրը խայտառակություն է Ռուսաստանի և հայ ժողովրդի համար