Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) տարեկան ժողովը։
Ժողովի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ, որոնք ընդգրկում էին Հայաստանում և սփյուռքում իրականացված հոգևոր-քարոզչական, մշակութային, կրթական և սոցիալական ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններ։
ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման և գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների վերաբերյալ զեկույցը ներկայացրեց Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։ ԳՀԽ-ն հաստատեց, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին և կառավարության համապատասխան որոշմանը։ Կարևորելով գնդերեցների ծառայության նշանակությունը բանակի հոգևոր և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործում՝ անհրաժեշտ էր համարվել քննարկել ծառայության նոր կարգավորումները և դրանք օրինական հարթություն վերադարձնելու ուղիները։
Մասյացոտնի թեմում առաջնորդի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նշվեց, որ կարգալույծ եղած Արման Սարոյանը իշխանությունների ապօրինի աջակցությամբ խոչընդոտում է թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։ ԳՀԽ-ն արձանագրեց, որ թեմի հոգևորականների մեծամասնությունը շարունակում է հովվական ծառայությունը՝ հավատարիմ մնալով եկեղեցական կարգաց և կանոնաց։
ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին ի․գ․դ. տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանը։
Գերագույն հոգևոր խորհուրդը հստակ դատապարտեց ՀՀ իշխանությունների կողմից Հայոց Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող կամայական, խտրական գործողությունները, շինծու մեղադրանքներով ազատազրկումները, ինչպես նաև պետական լծակների գործադրմամբ Եկեղեցու գործունեության արհեստական խոչընդոտների ստեղծման փորձերը։ Անդրադարձ կատարվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում հնչեցրած մեղադրական շինծու վերագրումներին՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնք, ըստ ԳՀԽ-ի, ակնհայտորեն փորձ են արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ իրագործված անօրինական գործողությունների համար։
Ժողովի ընթացքում նաև քննարկվեց 2026 թվականի սեպտեմբերին նախատեսվող Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կազմակերպման հարցը։