Հայաստանի իշխանությունները հարուցել են քրեական գործ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ՝ խափանման միջոց որպես երկրից բացակայելու արգելք ընտրելով։ Այս գործողությունը, որը կարելի է բնութագրել որպես ուղղակի հարձակում կաթողիկոսի վրա, ոչ միայն անթույլատրելի է, այլև ցայտորեն ցույց է տալիս այս իշխանության կողմից մեր պետության հիմնաքարերի՝ պետականության, օրենքի և հոգևոր արժեքների նկատմամբ ցանկանությունը։
Ամեն մի կարմիր գիծ հատելով՝ այս իշխանությունը հարվածում է մեր պետությանն ու մեր ապագային։ Այս հարվածները, թեև առանձին-առանձին կարող են թվում որպես մեկ-մեկ իրադարձություններ, իրականում կազմում են մի համակարգված քայքայման ռազմավարություն, որի նպատակն է ոչնչացնել այն ամենը, ինչը հայկական է։
Այս ռազմավարության առաջին աստիճանը բանակի «մաքրումն» էր։ Թուլացնելով ու քայքայելով բանակը՝ իշխանությունը ոչ միայն նվազեցրեց մեր պետության անվտանգության երաշխիքները, այլև հնարավորություն տվեց հակառակորդին հարձակվելու։ Բանակի թուլացումը, որը պետք է լիներ պաշտպանության առաջին գիծը, փոխարենը դարձավ հարձակման թիրախ։
Հետո եկավ դատարանների «մաքրելու» թեզը։ Քայքայելով դատական համակարգը՝ իշխանությունը ոչ միայն խախտեց օրենքի գերակայությունը, այլև տարիների ընթացքում դատարանների քիչ թե շատ ձեռք բերած անկախությունն ու օրենքով առաջնորդվելու առաքելությունը։ Դատարանները, որոնք պետք է լինեին ճշմարտության և արդարության խորհրդանիշը, վերածվեցին իշխանության կամքը կատարող գործիքների։
Այժմ «մաքրում» է եկեղեցին՝ հեռանկարում ցանկանալով քայքայել մեր ժողովրդի հոգևոր, 1700-ամյա ձողը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Այս գործողությունը, որը թիրախում է առնում մեր հոգևոր ինքնության հիմքը, ցույց է տալիս, որ իշխանության նպատակը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր ոչնչացումն է։
Հաջորդ կարմիր գիծը, որը հատելու է այս իշխանությունը, լինելու է յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու ընտանիքը։ Այստեղ էլ է ցանկանալու «մաքրություն» մտցնել՝ վերջնականապես քայքայելով հայ ժողովրդին ու մեր պետությունը։ Այս ճանապարհով իշխանությունը փորձում է ստեղծել ավերված, անվստահելի և անապահով մի հասարակություն, որը կախված է միայն իրենից, որպեսզի հետագայում այն ավելի հեշտությամբ կառավարի։
Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ