Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվում է Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկել է «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորհրդարանական հետաքննությունը, որի շրջանակում Արցախ Միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության և Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության վերաբերյալ։

Փետրվարի 23-ին կայացած անդրանիկ նիստին որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը։ Նա բրիտանացի խորհրդարանականներին և միջազգային իրավական փորձագետներին ներկայացրել է համակողմանի փաստեր՝ վերաբերող Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման, ներկա վիճակի և հայ գերիների իրավունքների խախտման։

Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային մշտադիտարկման և կանխարգելիչ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ որպես միջոցներ, որոնք կնպաստեն ադրբեջանական բռնազավթման ներքո գտնվող Արցախի ժողովրդի ժառանգության և սեփականության պաշտպանությանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին համապատասխան։ Նա նաև անդրադարձել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման կարևորությանը՝ որպես արդար, արժանապատիվ և կայուն խաղաղության ապահովման հիմնաքար։

Բացի բանավոր վկայությունից, հետաքննությանը ներկայացվել է Արցախ Միության և «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի համահեղինակությամբ պատրաստված համապարփակ զեկույցը՝ «Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը (2020-2026թթ.)» խորագրով։ Այս զեկույցը պարունակում է անհերքելի ապացույցներ, որոնք փաստագրում են հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և թանգարանային հավաքածուների միտումնավոր ոչնչացումն ու յուրացումը։ Զեկույցի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ և ուղղված են ոչ միայն վերացնելու Արցախում հայկական հետքը, այլև կանխելու բնիկ ժողովրդի վերադարձն իր հայրենիք։

Հետաքննությունը, որը կայացնում է Փաստաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտը (IBAHRI) Մեծ Բրիտանիայի բազմակուսակցական խորհրդարանական խմբի կողմից՝ պատգամավոր Բրենդան Օ’Հարայի նախագահությամբ, բաղկացած է հինգ փուլից։ Դրա արդյունքում կհրապարակվի վերջնական զեկույց, որը կուղղվի Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու միջազգային դերակատարներին։

More From Author

Ռուբեն Վարդանյանը հրապարակավ դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին՝ փորձելով հաղորդել իր կացության և դատական գործընթացի մասին

Իմ մեկնաբանությունը Ռոբերտ Քոչարյանի ելույթի և ընտրական մթնոլորտի մասին