Փակվա՞ծ հակամարտություն, թե՞ փակվող դիվանագիտական դաշտ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում շնորհվեցին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը՝ «խաղաղության հաստատման, տարածաշրջանային համագործակցության և կայունության օրակարգը առաջ մղելու» համար։ Այս իրադարձությունը, սակայն, պահանջում է ոչ թե զուտ սիմվոլիկ, այլ քաղաքական և դիվանագիտական վերլուծություն։

Հանդիսավոր արարողության ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման իրադարձությունը վերջին տասնամյակների ընթացքում անհավատալի էր թվում։ Նրա խոսքով՝ «խաղաղություն», «Հայաստան» և «Ադրբեջան» բառերը միասին հնչելը կամ անհնար էր, կամ ընկալվում էր որպես անիրական։ Նա ընդգծել է, որ մրցանակի համատեղ ընդունումը վկայում է այն մասին, թե հակամարտության էջը փակ է։

Սակայն, քաղաքական իրականությունը պահանջում է խոսել փաստերի լեզվով, ոչ թե սիմվոլների։ Եվ փաստերը այլ բան են ասում։

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության պայմանագիր չկա։ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը, շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ։ Այս երեք հանգամանքներից յուրաքանչյուրը առանձին վերցրած արդեն իսկ բավարար է կասկածի տակ դնելու «հակամարտության փակման» մասին պնդումները, իսկ միասին վերցրած՝ լիովին բացառում են նման եզրահանգումը։

Այս պայմաններում խաղաղության մասին հայտարարությունները ձեռք են բերում սիմվոլիկ բնույթ։ Ձևավորվում է խաղաղության պատրանք, որը քաղաքական հաղորդագրություն է՝ ուղղված հիմնականում Հայաստանի ներքին լսարանին։ Հատկապես նախընտրական փուլում նման նարատիվը կարող է ծառայել ապագայի վերաբերյալ արհեստական վստահության ձևավորմանը։

Միջազգային հարաբերություններում վաղաժամ և չհիմնավորված հայտարարությունները ունեն երկարաժամկետ հետևանքներ։ Երբ պետության ղեկավարը հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է, նա փաստացի նվազեցնում է հետագա միջազգային միջնորդության, ճնշման և աջակցության հնարավորությունները։ Եթե հակամարտությունն արդեն «փակված» է հայտարարվում, ապա ի՞նչ հիմքով պետք է միջազգային հանրությունը արձագանքի ապագա ճգնաժամերին կամ նոր պահանջներին։ Միջազգային գործընկերները կարող են հղում անել հենց Փաշինյանի խոսքերին՝ պնդելով, որ հարցը լուծված է, իսկ կողմերը՝ հաշտված։

Ահա այստեղ է առաջանում հիմնական հարցը․ արդյո՞ք խոսքը հակամարտության փակման մասին է, թե իրականում փակվում է Հայաստանի դիվանագիտական մանևրի դաշտը։ Ընտրություններից հետո, երբ Ադրբեջանը կարող է առաջ քաշել նոր պահանջներ կամ ուժեղացնել ճնշումը, Հայաստանը կարող է հայտնվել առավել խոցելի վիճակում։ Միջազգային գործընկերները շատ հեշտ կարող են հղում անել հենց Երևանի պաշտոնական հայտարարություններին՝ պնդելով, որ հարցը լուծված է, իսկ կողմերը՝ հաշտված։

Այսպիսով, խաղաղության մասին վաղաժամ հռչակումը ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, այլ կարող է վերածվել քաղաքական ինքնասահմանափակման։ Խաղաղությունը չի կարող հաստատվել մրցանակով կամ հանդիսավոր ելույթով։ Այն կարող է լինել միայն այն դեպքում, երբ հիմքում ունի իրավական փաստաթուղթ, տարածքային հստակություն և հումանիտար լուծում։ Մինչ այդ «հակամարտության փակված էջի» մասին խոսքը մնում է վտանգավոր քաղաքական ինքնախաբեություն՝ հնարավոր ծանր հետևանքներով։

More From Author

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մնում իշխանության գլխին

Եվրախորհուրդը բարոյական բանկրոտ է, քանի որ աչք է փակում Հայաստանի քաղբանտարկյալների վրա