Հայաստանում առաջին մասնավոր գերհամակարգիչը (տվյալների կենտրոն) կսկսի գործել սույն թվականի ապրիլի 1-ից։ Այս մասին հայտնում եմ՝ որպես Eleveight AI ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն։
Տվյալների կենտրոնը տեղակայված է Սևան համայնքի Գագարին բնակավայրում, որտեղ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Ամերիկյան Dell ընկերությունը նախորդ տարի հավաքել և հաջողությամբ փորձարկել է տվյալների կենտրոնի համար նախատեսված գրաֆիկական պրոցեսորների (GPU) համախումբը։ Առաջիկա շաբաթներին այն կապամոնտաժի՝ Հայաստան տեղափոխելու և վերջնականապես հավաքելու նպատակով։
Eleveight AI ընկերությունը, որը նախագծի ներդրողն է, ստեղծվել է հայկական կապիտալով։ Կենտրոնը հագեցած է Nvidia-ի նորագույն Blackwell B300 մոդելի 512 գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Չնայած այս մոդելները շուկա էին դուրս եկել նախորդ տարվա սեպտեմբերին, որոշվեց մի քանի ամիսներով հետաձգել կենտրոնի գործարկումը՝ այն ամբողջությամբ կահավորելու նորագույն տեխնոլոգիաներով։
Համալիրի հզորությունը կազմում է մինչև 2 մեգավատտ։ Ընկերության տարածքում շահագործվում է մինչև 5 մեգավատտ հզորությամբ արևային կայան, ինչը թույլ է տալիս ապահովել էներգաինտենսիվ գործունեությունը։ Հովացման համակարգը կլինի օդային և ջուր չի սպառելու։ Սևանի տարածաշրջանի կլիմայական պայմանները (օրինակ՝ ամռան ամիսներին ջերմաստիճանի ցածր ցուցանիշները) բարենպաստ են այս տեսակի համակարգերի համար։
Ըստ ընկերության գնահատականի, հայկական պատվերները կարող են սպառել կենտրոնի հզորությունների մինչև 20%-ը։ Մնացած հզորությունները կառաջարկվեն արտերկրի ընկերություններին, որոնց հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։
Հաշվողական հզորությունների տրամադրման մասին քննարկումներ են ընթանում նաև Հայաստանի պետական մարմինների հետ։ Մասնավորապես, ԲՏԱ նախարարությանը նախատեսվում է առաջարկել հզորություններ «ԱԲ վիրտուալ ինստիտուտ» նախագծի համար, որն իրենից ներկայացնում է ոլորտային համագործակցության հարթակ։ Այժմ այդ նախագիծն օգտվում է ֆրանսիական Mistral և ամերիկյան Amazon Web Services ընկերությունների գերհամակարգիչներից։
Մենք պատրաստ ենք աջակցել գիտության ոլորտում ԱԲ բաղադրիչներով հետազոտություններին։ Օրինակ, նշվում է, որ հայերենը դեռևս չունի «մեծ լեզվական մոդել» (LLM), և ընկերությունը պատրաստ է համագործակցել հետազոտող թիմերի և պետության հետ՝ ներդրումներ կատարելով երկրի ԱԲ հանրային ենթակառուցվածքում։
Հայաստանի ֆինանսական կառույցները նույնպես ցանկանում են կիրառել «մեծ տվյալների» մշակման գործիքներ՝ անհատական հաճախորդների կարիքներին համապատասխան ֆինանսական պրոդուկտներ մշակելու համար։ Այս նպատակով անհրաժեշտ է վերլուծել հազարավոր հաճախորդների գործարքների և զանգերի կենտրոններում հարցումների պատմությունը։
Այս տեխնոլոգիաները կարող են օգտագործվել նաև զանգերի կենտրոնների ավտոմատացման համար՝ պիկ ժամերին պատասխանելով զանգերի մի մասին կամ օպերատորների համար գեներացնելով տվյալներ հաճախորդի հնարավոր հարցերի մասին։ Մեկ այլ զարգացող ուղղություն է հաճախորդների տրամադրությունների վերլուծությունը (sentiment analysis), որը հիմնված է հաճախորդի բառապաշարի և ինտոնացիաների վրա։