Հայաստանում անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, հատկապես՝ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիությունը, վերջին տարիներին կտրուկ սպառնալիքի տակ է դրվել։ Սա պարզվում է պաշտոնական վիճակագրական տվյալների ուսումնասիրության արդյունքում, որոնք վերաբերում են նախաքննական մարմինների դատարաններ ներկայացրած միջնորդություններին։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ նախաքննական մարմինները տարեցտարի դատարաններ են ներկայացնում աճող թվով միջնորդություններ՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի, այդ թվում՝ SMS-ների, առգրավում կատարելու թույլտվություն ստանալու համար, և դատարանների զգալի մասը դրանք բավարարում է։
Այս իրավիճակը փաստում է, որ քաղաքացիների անձնական հաղորդակցության գաղտնիությունը գործնականում բացարձակապես ապահովված չէ։
Վիճակագրական պատկերը
Վերջին տարիներին արձանագրվել է միտումնային աճ, որը վկայում է համակարգում առկա խնդիրների մասին։
2023 թվական: Նախաքննական մարմինները դատարան են ներկայացրել 666 միջնորդություն, որոնցից 361-ը բավարարվել է։
2024 թվական: Միջնորդությունների թիվը աճել է՝ դատարան է ներկայացվել 647 միջնորդություն, որոնցից 383-ն է ստացել դատարանի համաձայնությունը։
2025 թվական: Այս ցուցանիշները զգալիորեն աճել են։ Միայն նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինները դատարաններ են ներկայացրել 6662 միջնորդություն, որոնցից 4571-ը բավարարվել է։
Այս թվերը ցույց են տալիս, որ 2025 թվականին արձանագրվել են հազարավոր միջամտության փորձեր, որոնց ճնշող մեծամասնությունը ստացել է նաև դատարանի համաձայնությունը։ Սա նշանակում է, որ քաղաքացիների անձնական հաղորդակցությունը, ներառյալ՝ SMS-ները, ցանկացած պահի կարող է հայտնվել իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում։
Այսպիսով, թեև օրենքներում ամրագրված է անձնական կյանքի և նամակագրության գաղտնիության իրավունքը, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այս իրավունքը գործնականում չի գործում։ 2025 թվականի կտրուկ աճը ոչ միայն մտահոգիչ ազդակ է, այլև լուրջ ահազանգ՝ անձնական կյանքի պաշտպանության համակարգում խորքային խնդիրների առկայության մասին։