Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության օմբուդսմենը և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի փոխնախագահ Հովիկ Ավանեսովը հայտնել են, որ Ադրբեջանը ավերել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։

«Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ»․ սա հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի հետքերը»,– նշել է Հովիկ Ավանեսովը։ Նրա խոսքով՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը այդ ծրագրի հերթական, բայց ոչ պատահական դրվագն է։

Հովիկ Ավանեսովը հիշեցրել է, որ տաճարը հիմնադրվել է 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, իսկ օծվել՝ 2019 թվականի ապրիլի 7-ին նույն Կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի նախագծած եկեղեցին իր ծավալներով և կառուցվածքով ընդգծում էր իր նշանակությունը՝ ունենալով 35 մետր բարձրություն և 24 մետր բարձրությամբ զանգակատուն։

«Խոսքը ոչ թե մոռացված կամ երկրորդական օբյեկտի, այլ գիտակցված կերպով թիրախավորված սրբավայրի մասին է»,– շարունակել է Հովիկ Ավանեսովը՝ նշելով, որ ավերումից առաջ ադրբեջանական սոցցանցերում բացահայտորեն տարածվում էին կոչեր՝ քանդելու եկեղեցին։

«Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանը նույն տրամաբանությունն է գործել նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու դեպքում, որի ոչնչացման մասին տեղեկությունները հրապարակվել էին օրեր առաջ։ Նա ընդգծել է, որ միջազգային հանրության լռությունը ադրբեջանական գործողությունները վերածելու է թույլատրված մշակութային ոչնչացման։

Դուք պետք է իմանաք