Անցած շաբաթը նշանավորվեց «Հզոր Հայաստան» դաշինքի կողմնակիցների զանգվածային ձերբակալություններով։ Իրավապահ մարմինները թիրախավորեցին ոչ միայն ակտիվիստներին, այլև նրանց, ովքեր ավանդաբար համարվում էին «անձեռնմխելի» էթիկական պատճառներով, այդ թվում՝ նորածինների մայրերին։ ԵՄ մոնիթորինգային խմբի երկիր ժամանելուն զուգընթաց, պատժիչ արդարադատության ուրվագծերը Հայաստանում ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։
Որտե՞ղ է սահմանագիծը գծվում ընտրությունների ամբողջականության համար պայքարի և քաղաքական հաշվեհարդարների միջև։ Ինչո՞ւ են միջազգային կազմակերպություններ լռում, երբ մարդասիրական նորմերը զոհաբերվում են քաղաքական նպատակահարմարության համար։ Եվ կարո՞ղ է պատերազմի օգտագործումը որպես շանտաժի գործիք դառնալ օրինական քարոզարշավի գործիք։
Այս և այլ հարցերի պատասխանում է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Իշխանությունը հետապնդում է մի քանի նպատակներ
Հանրային միջոցների վատնմամբ առերևույթ զանգվածային ընտրական խախտումների դիմած, ընդհուպ՝ Հայ Եկեղեցու կառավարման կարգը վերանայելու առաքելություն ստանձնած իշխող քաղաքական ուժը, թիրախավորելով աննախադեպ բարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժին, հետապնդում է մի շարք նպատակներ։ Առաջինը՝ շեղել հանրության ուշադրությունը սեփական մեծածավալ իրավախախտումների թեմայից։ Երկրորդը՝ բոլոր դեպքերում հող պատրաստել հզոր քաղաքական ուժի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ Երրորդը՝ նսեմացնել հակառակորդ քաղաքական ուժերի և անհատների իմիջը։ Ի վերջո, սերմանել վախի մթնոլորտ՝ ընտրությունների նկատմամբ ցանկալի ապատիա ձևավորելու նկատառումով։
Այս ամենը չի կասեցնելու օրինական ճանապարհով իշխանափոխությունը, սակայն անհարկի մի մեծ ու խորն սպի կմնա ազգային իրավաքաղաքական մշակույթի վրա։
Ընտրություն, ոչ թե ընտրություն
Իշխանությունների հիմնական զենքը մեր հանրության ապատիան է։ Ուստի հորդորում եմ մեր քաղաքացիներին տրամադրել ընդամենը մի քանի րոպե և մասնակցել ընտրություններին, սա ոչ այնքան ընտրություն է, որքան հանրաքվե՝ պետություն ունենալու կամ այն զիջելու մասին։
Իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական գործիքի
Ըստ էության, «Ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածում ավելացվել է նորմ, որով արգելվում է ընտրություն նշանակելու օրվանից կուսակցությունների և դրանց հետ ասոցացվող կազմակերպությունների կողմից բարեգործությունը։ Խնդիրը դա չէ, խնդիրը բացառապես հակառակորդ քաղաքական ուժերի համակիրների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելն ու ապօրինի եղանակներով քրեական հետապնդումներ իրականացնելն է։
Այն, որ առանց որևէ հիմքի, հսկայական միջոցներ են ծախսվում բոլորի հեռախոսային հաղորդակցությունները գաղտնալսելու համար, արդեն սովորական երևույթ է։ Ընդ որում, խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը և մինչդատական վարույթի գաղտնիությունը, զուտ վարկաբեկելու նկրտումներով հրապարկվում են նույն այդ գաղտնալսումների հատվածական մասերը։
Իշխանությունը փորձում է կրկնել «մոլդովական սցենարը»
ԵՄ ողջ էլիտան, անթաքույց արձագանքելով այս իշխանությունների խնդրանքին, ամեն քայլի դիմելու է «մոլդովական սցենարը» կյանքի կոչելու համար, սակայն դա չի հաջողվի, քանի որ դրա համար առնվազն բացակայում են նպաստող նախադրյալները։ Հայ ազգը տևական շրջան է, ինչ ակնհայտ հակակրանք ունի գործող իշխանության նկատմամբ։
Իրավապահ համակարգի մսխումը
Այսպիսի քայլերի գոնե բարոյական ասպեկտը իրենք էլ են հրաշալի գիտակցում, սակայն դիմում են դրանց, որպեսզի իրենք իրենց շրջապատին իբր ապացուցեն, որ այնքան ինքնավստահ են, որ անգամ կարող են դիմել այդպիսի անբնական, հանրության մեջ բնականոն զայրույթ առաջացնող քայլերի։ Այս հակամարդկային մթնոլորտում անիմաստ է անգամ իրավասու պաշտոնյաներին դիմել զերծ մնալ այդպիսի գործելաոճից, քանզի հասել ենք մի հանգրվանի, երբ վերջիններս այնքան են անցել սահմանները, որ կարծես քաղաքական հետապնդումների կայուն մաս են կազմել։
Իրավապահ համակարգի անկախության մասին
Համոզված եմ, որ հատկապես՝ ինձ համար անչափ հոգեհարազատ կառույցի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ արշավի համալիր վերլուծությունը բերել է այն ակնհայտ եզրակացությանը, որ իրավապահ գրեթե ողջ համակարգը վերածվել է քաղաքական ապօրինի նկրտումների հետևողական գործիքը։ Դե ինչ վերաբերում է խափանման միջոցներին, հատկապես՝ կալանքին, ավելի, քան ակնհայտ է, որ այն վաղուց դիտարկվում է որպես այլակարծությունը ճն