Ռուբեն Վարդանյանի գործը և պահման պայմանները՝ Կարմիր խաչի դադարեցված գործունեության համատեքստում

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ես, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը, անդրադարձեցի Ռուբեն Վարդանյանի դատական գործի և նրա պահման պայմանների վերաբերյալ հարցերին։

Հայտնի է, որ Ռուբեն Վարդանյանի պարագայում նկատվում է վերաբերմունքի տարբերակված մոտեցում։ Ի տարբերություն մյուս ռազմագերիների, նրա մեկուսացվածությունը արտաքին աշխարհից զգալիորեն աճել է։ Ընտանիքի կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ զանգերի հաճախականությունը զգալիորեն նվազել է։ Իսկ երբ մյուս գերիներին շաբաթը մեկ անգամ, սովորաբար չորեքշաբթի օրերին, զանգելու հնարավորություն է տրվում, ապա Ռուբեն Վարդանյանի դեպքում այս պահանջվող հաճախականությունը պահպանվում է։

Այսպիսով, նա մեկուսացվում է, նրա դատական գործը ձգձգվում է, և նրան զրկում են դատարանում իր վերջին խոսքն արտահայտելու իրավունքից։

Մեր դիտարկումների համաձայն՝ ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական կողմի պնդումներից, ունի նաև կրոնական ասպեկտ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց քրիստոնյա հայերին դատապարտելու խնդիր է դրել։

Թեև բանտարկյալներին թույլ է տրվում ընթերցել առանձին գրքեր, սակայն Աստվածաշունչը փոխանցելը հնարավոր չէ։ Սա բացատրություն չունի։ Եթե ընթերցանության համար գրքեր են տրամադրվում, ապա ազատ ժամանակի ընթացքում ընթերցվող նյութը, ըստ բանտարկյալի ցանկության, կարող է լինել հենց Աստվածաշունչը։ Այս արգելքը վերաբերում է ինչպես Ռուբեն Վարդանյանին, այնպես էլ մյուս հայ բանտարկյալներին։

Բացի այդ, ադրբեջանական կողմը հավաքել է կրոնական սիմվոլները, անգամ բանտարկյալների դաջվածքներն են այրել։ Մեր գնահատմամբ՝ քրիստոնյա լինելը ևս գործոն է, որը կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը։

Դրական է գնահատվում Կարմիր խաչի գործունեությունը դատավարությունների ընթացքում։ Թեև 2025 թվականի հունիսից նրանց այցելությունները դադարեցվել են, իսկ սեպտեմբերին Կարմիր խաչը հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, սակայն 2025 թվականի դեկտեմբերի 24-25-ին, Ժնևյան գրասենյակի ներկայացուցիչների կողմից կատարված մեկանգամյա այցելությունը ցույց է տալիս, որ փորձեր են արվում պայմանները բարելավել։

Իրականում, պահման պայմանները, համեմատած գերեվարման վաղ շրջանի հետ, զգալիորեն բարելավվել են։ Որոշ դատապարտված գերիներ տեղափոխվել են նոր կառուցված քրեակատարողական հիմնարկներ, որտեղ պայմանները շատ ավելի լավ են։

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ երբեմն ադրբեջանական մամուլը տարածում է լուսանկարներ, որոնք ներկայացվում են որպես հայ գերիների պահման հիմնական պայմաններ։ Սակայն դրանք իրականում առանձնացված սենյակներ են, որտեղ հայ բանտարկյալներին այցելում են ադրբեջանցի պաշտոնյաները՝ ներքին լսարանին ցուցադրելու, թե Ադրբեջանում պահպանվում են մարդասիրական նորմերը։

Այս ճանապարհով փորձ է արվում բարձրացնել Ադրբեջանի օմբուդսմենի դերը հայ պատանդների իրավունքների պաշտպանության հարցերում։ Մի կողմից փակվում է Կարմիր խաչը, մյուս կողմից հրապարակվում են կադրեր, որոնք ցույց են տալիս օմբուդսմենի այցելությունները՝ որպես Կարմիր խաչին փոխարինող միջոց։ Մենք մեր միջազգային գործընկերներին տեղեկացրել ենք, որ Ադրբեջանում օմբուդսմենական ինստիտուտը չի բավարարում անկախության չափանիշներին և որևէ աջակցություն այս ինստիտուտի կողմից չի կարող լինել բավարար։

More From Author

Ի՞նչ կլիներ, եթե Ռուսաստանում Հայաստանի դեսպանին կանչեին ամեն անգամ

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար